Posted in Հայրենագիտություն

Աշխարհի 7 հրաշալիքները

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հին հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունների զորքերը։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 մարզադաշտ և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յեյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Leave a comment