Posted in Uncategorized

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը, ինչպես նաև համընդհանուր ներառականության բարելավմանը:

«Նոր գործիքակազմերը թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական գործընթացի կառավարման մեխանիզմները»,- նշել է Վահրամ Դումանյանը` հակիրճ ներկայացնելով հիմնական փոփոխությունները:

Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ

Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: Առաջարկվող մոդելով՝ վարչատնտեսական մասի կառավարիչը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնելով միայն ուսումնական գործընթացի պլանավորում։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվի վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա կզբաղվի միայն մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ` վարչատնտեսական կառավարչի հետ համագործակցելով պլանավորման և դասաբաշխման, տարիֆիկացիայի կազմման հարցերում:

Դպրոցի կառավարման նմանօրինակ մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրթական հաստատություններում:

Տնօրենի նշված աշխատանքները փոխկապակցված են, որքան էլ թվա՝ տնօրենը պարտավոր չէ տնտեսական հարցեր կարգավորել, բայց ինքն է գործադիր մարմինը և պարտավոր է տեղյակ լինել դպրոցին վերաբերող յուրաքանչյուր հարցից: Դպրոցներում կան տնտեսական գծով փոխտնօրեններ, որոնք կատարում են նշված աշխատանքը, բայց միևնույնն է հսկողությնուը մնում էմեկ հոգու՝ տնօրենի վրա:

Տնօրենը կնշանակվի և կատեստավորվի. նորույթ

Մեկ այլ փոփոխությամբ` տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կկատարվի նշանակման միջոցով. այդ գործառույթն առաջարկվում է վերապահել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍ նախարարությանը` հստակեցնելով մի շարք դրույթներ:

Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով:

3 տարի ժամկետը շատ քիչ է, հասկանալի է, որ ամբողջն արվում է անհաջող նախադեպերը նկատի ունենալով, բայց փոխարենը կարգապահ, օրինապահ տնօրենն է ստիված լինելու երեք տարին մեկ նույն գործընթացքով անցնել:

Ամբողջովին համակարգը, ընտրության կարգը փոխելը սխալ է:

Բացի դրանից՝ գործող տնօրենների համար հավաստագրման փոխարեն՝ առաջարկվում է կիրառել ատեստավորում, որի հիմքում կդրվի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը։ Ատեստավորման արդյունքում՝ նրա հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով: Գործընթացը կարող է շարունակվել մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը:

Սա կարևոր է, քանի որ գործող տնօրեններից ոչ բոլորն են դասավանդում և տարրական հմտությունների չեն տիրապետում:

Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում ներառելով իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր:

Սա ավելի արդյունավետ է, մարդկային գործոնը դուրս կգա, չհանձնելու դեպքում կողմնապահության խնդիր չի առաջանա:

Ներառականության ընդլայնում

Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ցանկում: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն: Ուսուցման դժվարություններ կարող են ունենալ նաև օժտված երեխաները, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, սոցիալապես անապահով են, հակամարտությունների հետևանքով դարձել են ծնողազուրկ, ունեն լեզվական և այլ խնդիրներ:

Կարևոր է քայլ է, անհատական մոտեցում յուրաքանչյուրին, հաշվի է առնվում այսպես նաև սվորողի սոցիալական, հուզական վիճակը, որը շատ կարևոր է: