Posted in Վայոց ձորի ճամբար

Գյուղական ճամբար Արտավանում

Հաղորդում Արտավանի ճամբարի մասին

Հունիսյան ճամբարի ընթացքում Սյուզաննա Դանիելյանը և ես, Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների հետ համագործակցելով, կարողացանք տվյալ գյուղերի սովորողների ճամբարը կազմակերպել կրթահամալիրում: Արտավան գյուղից ճամբարին մասնակցում էին յոթ սովորող, մեկ ուսուցիչ; Սովորողների ու ընտանիքների ընկերությունը դարձավ շարունակական, և հուլիս ամսին արդեն կրթահամալիրի սովովորողների և դասավանդողների խումբը գնաց Արտավան՝ գյուղական ճամբարին: Բոլոր դպրոցների տնօրեններից պատրաստակամը, ծրագրով հետաքրքրվածը հենց Արտավան դպրոցի տնօրենն էր՝ Գրավիկ Հովհաննիսյանը:

Երբ Վայոց ձորի ճամբարականներին ուղեկցում էինք իրենց ընտանիքներ, դասավանդողներին նամակով գրեցի, որ ովքեր ցանկանում են գյուղական ճամբարը կազմակերպել, ղեկավարել, անպայման միանան մեր խմբին, միասին գնանք գյուղ, ծանոթանանք գյուղին, ընտանիքներին, մանկավարժներին, որ սկսենք պատրաստվել գյուղական ճամբարին: Արձագանքողներն եղան դասվար՝ Արաքս Հովհաննիսյանը, մաթեմատիկայի դասավանդող՝ Լյովա Սարգսյանը: Արտավան գյուղի դպրոցում, ուսուցիչների, ընտանիքների հետ ունեցանք հանդիպում, մանրամասն քննարկեցինք ճամբարի աշխատակարգը, ճամբարի ծրագիրը, այլ մանրամասներ:

Քանի որ դպրոցում, գյուղում երեխաները քիչ են, 9 ընտանիք կարողացավ հյուրընկալել կրթահամալիրի ճամբարականներին: Դպրոցի տնօրենի հետ պարբերաբար կապի մեջ էինք, սկզբում 12 սովորողի տեղ ունեին, հետո թիվն ավելացավ հասավ 15-ի: Քանի որ գյուղում տղաները քիչ էին, աղջիկներն էլ հիմնականում ցանկանում էին աղջիկների հյուրընկալել, այդտեղ էլ խնդիր առաջացավ, բայց կրկին տնօրենը խոսել էր ընտանիքների հետ և աղջիկներն էլ համաձայնվեցին ընդունել տղաների:Կրթահամալիրից ճամբարին մասնակցում էին 15 սովորող՝ 4 աղջիկ, 11 տղա: Տարիքային խումբը 2-7-րդ դասարան: Արտավանից ճամբարին մասնակցում են 21 սովորող՝ 2-9-րդ դասարանների սովորողներ: Արտավանից մեկ ընտանիք հյուրընկալել է 3 սովորողի, 2 ընտանիք՝ 1 սովորողի, 7 ընտանիք՝ 2 սովորողի:Ճամբարին են միացել

 Արտավան գյուղի դասվար, ինֆորմատիկայի դասավանդող Մարինե Խաչատրյանի, Սարավան գյուղի ռուսաց լեզվի դասավանդող Քրիստինա Աբրահամյանի, Արտավան գյուղի պատմության դասավանդող Մերի Հովհաննիսյանը:

Կրթահամալիրի երեք դասավանդողի՝ Լյովային, Արաքսին, Գևորգին, հյուրընկալել է դպրոցի ուսմասվարը:

Կրթահամալիրի սովորողներից հավաքվել է գումար երթուղայինի համար և քաղցրավենիք են գնել, քանի որ գյուղում խանութ չկա: Սնունդի հետ կապված ամեն ինչ հոգում են հյուրընկալող ընտանիքները: Առավոտյան  ընտանիքներում նախաճաշում են, սովորողների հետ դնում բրդուճներ, երեկոյան ընտրիքը՝ ընտանիքներում:

Դպրոցի տնօրենը  մարզպետարան է ներկայացրել ճամբարի ծրագիրը, սովորողների ցուցակները:

Երկուշաբթի օրը Վայոց ձորի մարզպետարանից խումբ է եկել Արտավան, ծանոթացել ճամբարականների հետ, հարցրել՝ ինչի կարիք ունեն:

Ճամբարային օրերը հագեցած են, ամեն օր որևէ ուղղությամբ արշավ է լինում (Հեյելի կամ Արտավան լիճ , Փառակատար, Անդրանիկի բերդ, Մարաթուս 17-րդ դարի եկեղեցու հնավայրեր, Արտավանի ջրվեժ, հին բնակատեղիներ, քարանձավեր, կամուրջներ), իսկ երեկոյան գյուղական աշխատանքներում են ճամբարականները ներգրավում՝ մեղվապահություն, անասնապահություն, լավաշթխիկ, հողի մշակում և այլն:

Հուլիսի 10-ին գյուղական ճամբարի վերջին օրն էր, Երևանից խմբով գնացինք Արտավան՝ գյուղական ճամբարն ամփոփելու, հետագա համագործակցության մասին պայմանավորվելու:

Տեխնոլոգ Մարիամ Մարտիրոսյանը ճամբարականների հետ պատրաստեց շրխկաններ, իսկ ես այդ ժամանակ գյուղի դպրոցի տնօրենի հետ պայմանավորվեցի համագործակցության շարունակության մասին:

Հաջորդ ճամբարը նախատեսում ենք կազմակերպել օգոստոսի սկզբին Վաղաշենում՝ արտավանցիների և սեբաստացիների մասնակցությամբ, իսկ օգոստոսի վերջին Արտավանում կկազմակերպի մանկավարժական ճամբարը:

Համագործակցությունը դառնալու է շարունակական՝ ամենամյա: